«Աշխարհում ձրի բան գոյություն չունի»,- ուսման վարձավճարների հետ կապված կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը` հավելելով, որ այդ թանկացումը հակաօրինական չէ: Մայր բուհի ռեկտորը նաև նշեց, որ ամենևին էլ իրականությանը չի համապատասխանում այն կարծիքը, թե հարուստ է, քանի որ նրա տարեկան բյուջեն կազմում է ընդամենը 20 հազար դոլար, ինչը բավականին զիջում է շատ երկրների, այդ թվում նաև` մեր տարածաշրջանի բուհերին: ԵՊՀ ռեկտորը ներկաներին հանգամանորեն պարզաբանեց, որ այդ գումարները հիմնականում ուղղվում են դասախոսների աշխատավարձերի բարձրացմանը: Ցածր աշխատավարձը, ըստ Սիմոնյանի, նաև նպաստում է ուղեղների հոսքին, քանի որ դասախոսները մեկնում են արտերկիր դասախոսություններ կարդալու և չեն վերադառնում: «Այսպիսի պայմաններում, երբ աշխատավարձն այդքան ցածր է, պահանջել որակյալ կրթություն, ֆանտաստիկա է: Գնալով ավելանում է դժգոհությունը կոլեկտիվում, և մարդիկ թողնում գնում են: Մենք, ըստ էության, արել ենք փոքր քայլ մեր աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու համար»,- ընդգծեց ռեկտորը` անարդար համարելով, որ բողոքի ակցիա չեն կազմակերպվում, երբ ամերիկյան համալսարանը վարձավճարը բարձրացրեց, ֆրանսիականը վարձավճարը պահանջում է մինչ հուլիսի տասնհինգը, մինչդեռ ԵՊՀ-ի դեպքում այսպիսի մեծ աղմուկ բարձրացվեց: ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը հարց հղելով Սիմոնյանին, նախ հանդիմանեց, թե քայլ անելուց պիտի մտածված անեիք, այլ ոչ թե հատուկ օրենքի նախագիծ մշակեին, հետո բերեիք «կոխեիք» մեջը: Ռեկտորը հակադարձեց. «Այսպես շարունակել այլևս հնարավոր չէ»: Ի դեպ, ընդդիմադիրները, հատկապես ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը և «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը դժգոհեցին նախագահողին, թե ԵՊՀ ռեկտորը շատ երկար է խոսում: «Կարճ կխոսեմ»,- նետեց Սիմոնյանը: Այնուհետև հարցերի հերթը բողոքող ուսանողներինն էր, որոնց նախապես ռեկտորը նկատողություն էր անում ֆակուլտետի անունը սխալ ասելու համար, հետո էլ հեգնեց. «Դուք եք ընտրել ԵՊՀ-ն»: Մեկ ուրիշից էլ տեղեկանալով, որ առաջին կուրսեցի է ու դեռ վարձը չի վճարել, ռեկտորը հայտարարեց, թե քանի դեռ վարձը չեք վճարել, ԵՊՀ ուսանող ձեզ մի համարեք: Սակայն ուսանողները մեկը մյուսի հետևից փաստարկված ու հիմնավոր հարցեր էին ուղղում իրենց իսկ բուհի ղեկավարին, որը քամահրանքով էր պատասխանում դրանց:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ